ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ձրի բանի մեռած ազգ ենք

Ձրի բանի մեռած ազգ ենք
07.01.2014 | 15:44

Որքան էլ չեմ ուզում մեր ժողովրդի մասին վատ արտահայտվել, բայց այն, ինչ կատարվեց երեկ Երևանի կայարանամերձ հրապարակում` Էրեբունի վարչական շրջանի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, բառերով չես նկարագրի:

Վարչական շրջանը ոչինչ չէր խնայել հաճելի ժամանակ պարգևելու էրեբունցիներին: Բնականաբար, ամանորյա համերգն սկսվեց գեղեցիկ երգ ու պարով: Բայց երբ հերթը հասավ Ձմեռ պապի նվերներին, կարծես մի փոթորիկ անցավ հավաքվածների միջով: Մի քանի տասնյակի չափ էրեբունցիներ (մեծահասակների մասին է խոսքը), ոտքի տակ տալով փոքրիկներին, առաջ էին ձգվում` արձակելով սարսափելի ճիչ-աղաղակ: Սարսափելի էր կողքից դիտելը. այդ ճիչերին խառնվել էր նաև երեխաների լացը, որոնց մի մասը կորցրել էր ծնողներին և փորձում էր դուրս գալ այդ խցանումներից, բայց չէր կարողանում:

Ավարտվեց նվիրատվությունը։ Զարհուրած այդ տեսարանից՝ դիմեցի միջոցառման կազմակերպիչներին` հարցնելով, թե իրենց դուր եկա՞վ այդ տեսարանը, քանի որ, նշենք, գրեթե ամեն տարի այս սցենարը գրեթե նույն սկիզբն ու ավարտն է ունենում: Վերջիններս խոստովանեցին, որ իրենց համար էլ անչափ տհաճ է մարդկանց պահելաձևը. «Սա խոսում է այն մասին, որ մենք կուլտուրայից զուրկ ժողովուրդ ենք: Որքան էլ փորձում ենք այնպես անել, որ միջոցառումը գեղեցիկ ավարտ ունենա, չի լինում: Մեր ժողովուրդը երբեք չի փոխվի: Մի տոպրակի համար փչացնում են ողջ աշխատանքը»,- ասաց Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը:

Ավելացնենք, որ շատ փոքրիկներ հրապարակից հեռացան առանց Ձմեռ պապի նվերի և արցունքն աչքերին: Եթե անկեղծ, այստեղ արդեն մեղքը ոչ թե միջոցառման կազմակերպիչներինն է, այլ այն բռի վարքագիծ դրսևորող քաղաքացիներինը, ովքեր մեկի փոխարեն հինգն էին թռցնում` քաշքշելով, հրելով և վիրավորելով միմյանց:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ